Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեկ ու կես ամիս առաջ Վրաստանում կնոջ հետ հարսանիքի է մասնակցել՝ որպես քավոր, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Մինասյանի մտերիմներից մեկի՝ «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանի որդու հարսանիքն էր։ Պետրոսյանը «Ջազվե» սրճարանային ցանցի տնօրենն էր, և այժմ անցնում է քրեական գործով, հիշեցրել է թերթը։ Նա վերջին տարիներին է հեռացել Հայաստանից։ Քրեական գործերով անցնում է նաև Մինասյանը։
«ՀՀ իրավապահները նույնիսկ նման հարցերում չեն կարողանում իրենց վրաց գործընկերների հետ համագործակցել, Հայաստանում հետախուզման մեջ գտնվող անձն անարգել այցելում է Վրաստան` առանց վախենալու, որ Վրաստանի իրավապահները կարող են իրեն ձերբակալել ու արտահանձնել»,- հավելել է թերթը։
Փետրվարի 20-ին գլխավոր դատախազությունը Մինասյանի գործով 3 մեղադրյալի գործերն ուղարկել էր դատարան։ Ըստ դատախազության՝ այս գործով ՀՀ-ին 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար դրամի վնաս է պատճառվել։ 2024 թվականի նոյեմբերին դատախազությունը հայտնել էր, որ դատարանը հեռակա կքննի Մինասյանի դեմ քրեական գործը։ 2021-ին դատարանը Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել, նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, որն «Ինտերպոլը» 2022-ին դադարեցրել էր։