«Քաղաքացիական պայմանագրում» մտահոգ են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի թիմում նոր քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքներով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ թիմն աշխատում է նաև սեփական լրատվամիջոց բացելու ուղղությամբ։
Մասնավորապես, Կարապետյանին աջակցելու համար հուլիսի 4-ի երթից և հնչած քաղաքական ուղերձներից ՔՊ-ում անհանգիստ են, հայտնել է թերթը։ Նշվում է, որ իշխող կուսակցությունում չէին սպասել, որ այդքան մարդ կմասնակցի խաղաղ ակցիային:
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը հուլիսի 1-ին հայտարարել էր Երևանում երթի մասին՝ երկրում տիրող անարդարության և անօրինականության դեմ բողոքի ակցիայի շրջանակներում:
Հուլիսի 2-ին խուզարկություններ էին սկսվել Երևանում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։ Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։
Նարեկ Կարապետյանը կալանավորված գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին է: Հուլիսի 4-ին հաջակցություն Կարապետյանի ակցիայի ժամանակ նա հայտարարել էր, որ ազգի մեջ «բաժանումն ստեղծվել է, որ մարդկանց հեշտ կառավարեն»: «Միակ բաժանումը պետք է լինի՝ կլինենք կառուցո՞ղ, թե՞ քանդող»: Ակցիայի ընթացքում ընթերցվել էր Սամվել Կարապետյանի ուղերձը, որում նշվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի Հայաստանում։ Կարապետյանը շեշտել էր նոր քաղաքական ուժ ձևավորելու անհրաժեշտության մասին։