Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների ֆոնին կոչեր են հնչում Հնդկաստանին՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, գրում է The Week-ը։
Ըստ կայքի՝ Հնդկաստանն աշխատում է Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի՝ Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող բոլոր երկրների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որի նպատակը տարածաշրջանում թուրքական ազդեցությանը դիմակայելն է:
Նշվում է, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերել նաև Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ։
«Երկիրը (ՀՀ-ն AT) դիմել է Հնդկաստանին՝ պաշտպանական կարևորագույն մատակարարումների համար։ Աճող հարաբերությունների ֆոնին՝ կոչեր են հնչում, որպեսզի Հնդկաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է կայքը:
Պարբերականը նաև հիշեցրել է, որ վերջերս Նյու Դելին դիմել էր Հայաստանի օգնությանը՝ իրանա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված իր քաղաքացիներին տարհանելու համար՝ դրանով իսկ ամրապնդելով կապերը ՀՀ-ի հետ: Հայաստանի միջոցով տարհանվել էր Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի։