Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ, որում նա կարևորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը։
«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով է՛լ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների»,- նշել է Փաշինյանը։
Նա բարձր է գնահատել աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի տեսլականը:
«Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո ԱՄՆ-ն հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ ՀՀ կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,- հավելել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ «Հայաստանին և ԱՄՆ-ին միավորում են երկու ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը»:
Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել էին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Մարտի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել էին, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անթույլատրելի է։