Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 5 օր շարունակ մերժել է կառավարության հետ համագործակցության մի շարք «գայթակղիչ» առաջարկներ»։
Նա կոնկրետ չի նշել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը կամ ում կողմից, սակայն տեղեկացրել է, որ առաջարկները վերածվել են սպառնալիքների։
«Խնդրանքները կտրուկ դարձել են շանտաժ, շանտաժները՝ սպառնալիք: Փառք Աստծո՝ թաքցնելու և վախենալու ոչինչ չունեմ: Վստահ եմ՝ չեն ուշանա «պատժամիջոցները». բամբասանքից մինչև ձերբակալություն, բռնությունից մինչև ֆեյք-մեդիաահաբեկչություններ»:
Առաքելյանն Աստվածաշնչից մեջբերում է արել․«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2): Պատրաստ եմ: Ուրախ եմ լինել ճշմարտության կողմում: Աստված օրհնի մեր երկիրն ու եկեղեցին»։
Հունիսի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ էր հարուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության խախտման կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ), ինչը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։
Հունիսի 27-ի առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը, որից հետո իրավիճակը սրվել էր։