Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու մտադրության մասին։ Նա այդ մասին գրել է երկու ամսով կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ Հայ եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո։
«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ, և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,- ընդգծել է Փաշինյանը:
Կարապետյանը, ում նկատմամբ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու արշավը քննադատելուց հետո ուժայինները գործողություններ էին սկսել, ավելի ուշ՝ նախքան ոստիկանություն տեղափոխվելը, հայտարարել էր, որ «շարունակելու է եկեղեցու, ժողովրդի կողքին լինել և թքած ունի ցանկացած ՀԷՑ-երի վրա»:
Փաշինյանն այս խոսքերը ևս մեկնաբանել է և եզրակացրել, թե «այսինքն՝ այս մարդիկ ՀԷՑ-ն իրենցը չեն էլ համարել և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա»:
Ավելի ուշ կառավարության ղեկավարն ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ մեկ ամիս առաջ գործադիրի համապատասխան անդամներին ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական էր տվել նախապատրաստելու կա՛մ վնասի փոխհատուցման ծրագիր քաղաքացիներին, կա՛մ ընկերությունն ազգայնացնելու, քանի որ մարզերում ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ էր արձանագրել։ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի անջատումների մեջ երկրի ներսում հասարակական դժգոհություն հրահրելու նպատակ էր տեսել։
Նա հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծ է ներկայացրել ԱԺ։
«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ի կառավարման պարտականությունն ամբողջությամբ իր վրա էր վերցրել 2015-ին, երբ ընկերությունն «Ինտեր ՌԱՕ»-ի հետ պայմանագիր էր ստորագրել ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ-ի բաժնետոմսերն ստանալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերին
ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին
Սամվել Կարապետյանը խոսել է Երևանի կենտրոնում էլցանցի նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին