Իրանի և Իսրայելի միջև շարունակվող ռազմական գործողությունները երկու երկրի հայ համայնքներում առաջացրել են լուրջ մտահոգություններ, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արամ Ա կաթողիկոսը հետևում է Իրանի և Երուսաղեմի հայ համայնքներում տիրող վիճակին։
«Արամ Ա Վեհափառ Հայրապետն այս առավոտ դժվարությամբ կարողացավ կապ հաստատել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանի և հայ համայնքի պատասխանատուների հետ և իմացավ, որ հայ համայնքը չի ենթարկվել որևէ վնասի։ Նա հետևում է տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին՝ իր կրոնական ու համայնքային կառոյցների ու պատասխանատուների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում Երուսաղեմի և շրջակայքի հայ համայնքին, Արամ Ա-ն «դարձյալ հետևում է նրա անվտանգային կացությանը»:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի Պետախ Տիկվայի ու Երուսաղեմի հայերի շրջանում Իրանի հարվածների հետևանքով տուժածներ չկան։
Հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ:
Իսրայելի և Իրանի միջև չորրորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։
Կարդացեք նաև՝