Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի շրջանակում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ապագայում ինչ-որ պահի որոշում կայացնի այդ հարցի շուրջ:
«Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա շատ մոտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ։ Բայց մյուս կողմից՝ խնդիր չունենք մեր առջև դրված՝ խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է և հավասարակշռվում է։ Եվ դա մեր ռազմավարությունն է»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը խնդիր չունի վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։
«Գիտեք, որ բարդ իրավիճակ ունենք տարածաշրջանում։ Նշեցիք Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին, բայց Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը մոնիթորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Մյուս կողմից՝ անցած տարում նվազեցրինք ռուսական զորքերի ներկայաության աստիճանը, սակայն ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել»,- ընդգծել է Փաշինյանը։
Մայիսի 21-ին Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել էր Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։