Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը պահանջում է անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար Գազայի հատվածում, տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական էջից։
Փաստաթղթին աջակցել է 149 երկիր, 12-ը դեմ է արտահայտվել, 19-ը՝ ձեռնպահ:
Հունիսի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր կարողացել բանաձև ընդունել Գազայում կրակի դադարեցման և պատանդների ազատման վերաբերյալ: Այդ ժամանակ ԱՄՆ-ն վետո էր դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։
Իսրայել-Գազա հակամարտության վերջին սրացումն սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվել էր Իսրայելի վրա։ Իսրայելը պատասխանել էր լայնածավալ ռազմական գործողություններով Գազայի հատվածում։