Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Ընտանեկան փոդքաստ»-ի նոր թողարկումներ կհրապարակվեն ու հասանելի կլինեն սոցիալական հարթակներում, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետի աշխատակազմից վստահեցրել են՝ փոդքաստը լիովին ծառայել է իր նպատակին՝ «հանրության հետ տարբեր արդիական թեմաների շուրջ անկաշկանդ և անմիջական քննարկումների համար ստեղծելով հարթակ»։
Հարցման պատասխանի մեջ, միևնույն ժամանակ, հստակեցված չէ, թե ո՞րն էր փոդքաստի նպատակը։ Նաև չի նշվել, թե ե՞րբ կլինի դրա շարունակությունը։
Հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ «Ընտանեկան փոդքաստի» համար ծախսերն արվել են 2024 թվականին Հակոբյանի սեփականությունը հանդիսացող բնակարանի վաճառքից գոյացած գումարից։
Փոդքասթի թողարկումներից մեկի ժամանակ վարչապետը հարցին, թե ինչո՞ւ ենք սա սկսել, պատասխանել է. «Իմ պատկերացմամբ՝ դա մեր պատասխանատվությունն է, որ մեր մասին մարդկանց պատկերացումները համապատասխանեն իրականությանը։
Կյանքը ցույց տվեց, որ խեղաթյուրումն այնքան շատ է, որ մարդկանց մոտ իրականության ու չիրականության մեծ անջրպետ է առաջացել։ Իմ օրինակով երկար ժամանակ բախվում եմ այդ խնդրին»։