ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքում վթարի է ենթարկվել։
«Տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը», – նշել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի էր ենթարկվել։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը ևս մեկնաբանել է Արմաշում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունը։
Նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Ըստ Սարգսյանի` Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողն ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել, հավելել է խոսնակը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն տեղեկությունները, թե վթարին մասնակցել է նաև վարչապետի շարասյունը, «իրականության հետ որևէ աղերս չունի»։