Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) առևանգել և Բաքու է տարել Եկատերինբուրգում բնակվող 71-ամյա ընդդիմադիր Զահիրեդդին Իբրահիմովին, ով ուներ Ռուսաստանի քաղաքացիություն, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իբրահիմովն անհետացել էր մարտի 26-ի առավոտյան՝ աշխատանքի գնալու ճանապարհին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրան տարել են Ադրբեջան։
Իբրահիմովը տեղափոխվել է ՊԱԾ նախնական կալանքի կենտրոն, որտեղ պահվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ձերբակալված Սայար Ալիևի փաստաբանը հաստատել է նրա՝ նախնական կալանքի կենտրոնում գտնվելու փաստը։ Նրա խոսքով՝ Իբրահիմովը խոստովանել է, որ կապեր ունի Հայաստանի հետ և ցուցմունք է տալիս»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իբրահիմովը գլխավորել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեն։ 2005-2020 թվականներին նա մասնակցել է Երևանում կազմակերպված միջոցառումների, որտեղ քննադատել է Բաքվի քաղաքականությունը։
1997 թվականին նա Ադրբեջանից տեղափոխվել է Եկատերինբուրգ, իսկ 2002 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Իբրահիմովը հիմնադրել է «Թալիշական մշակութային կենտրոն»՝ թալիշ ժողովրդի՝ Իրանի հյուսիսում և Ադրբեջանի հարավ-արևելքում բնակվող էթնիկ խմբի ավանդույթները, մշակույթը և լեզուն պահպանելու համար։
Մայիսի 20-ին Ադրբեջանի դատարանն ազգագրագետ և թալիշ Իգբալ Ագիբովին դատապարտել էր 18 տարվա ազատազրկման։ Դատավարության ընթացքում Ագիբովը հերքել էր բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ ինքը միայն ազգագրագետ է, որն ուսումնասիրում է Հարավային Կովկասի ժողովուրդների մշակույթն ու պատմությունը։ Մարդու իրավունքների պաշտպանները և թալիշ համայնքի ներկայացուցիչները (որին պատկանում է Աբիլովը, – խմբ.) նրա գործը համարում են քաղաքական դրդապատճառներ ունեցող։