Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները փակուղի են մտել, հայտարարել է Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք փորձում էինք ինչ-որ կրեատիվ լուծումներ գտնել հակամարտության համար, սակայն դրանցից ոչ մեկը դեռ չի աշխատել։ Մենք նույնիսկ առաջարկել ենք, որ եթե մեզ հաջողվի ՀԱՄԱՍ-ին համոզել համաձայնել Իսրայելի համար ընդունելի [ճգնաժամի կարգավորման] փուլային ծրագրին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կստեղծվի մոնիթորինգի մեխանիզմ, որպեսզի պատերազմն ավարտելուն ուղղված բանակցությունները սահմանափակ ժամանակահատված անցկացվեն։ Իսրայելը մերժել է այդ առաջարկը»,- ասել է Կատարի վարչապետը Մադրիդում նախարարական հանդիպման բացման ժամանակ, որը նվիրված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը։
Ալ Թանին հստակեցրել է, որ Գազայի հատվածի շուրջ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Դոհայում, ստեղծվել է իրավիճակ, երբ Իսրայելը մտադիր է գործարք կնքել միայն պաղեստինյան անկլավում պահվող պատանդներին ազատելու համար, իսկ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ պատերազմն ամբողջությամբ ավարտվի:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:
Գազայում էսկալացիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 54 հազարի։