Բաքուն թույլ չի տվել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիմային մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Ֆաթիման նման ցանկություն էր հայտնել մարտին, ժամանել Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ չի կարող ներկա գտնվել դատավարությանը։
Արգելքը որևէ կերպ չեն հիմնավորել, քանի որ, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, դատավարությունն ընթանում է դռնբաց։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը թերթին հաստատել է տեղեկությունը։
«Պետք է արձանագրենք, որ բաց դատավարության մասին տեղեկությունը սուտ է, որովհետև եթե այն դռնբաց լիներ, կկարողանային մասնակցել նաև ցանկություն հայտնած միջազգային այլ կառույցներ, դեսպանատներ, հյուպատոսական ծառայություններ։ Վարդանյանն իր ուղերձներում հրավիրում է միջազգային կառույցներին, լրատվամիջոցներին՝ դատական նիստը լուսաբանելու։ Ակնհայտորեն, նման մասնակցություն չկա, և դատերը բաց լինելու մասին լուրերը բացարձակ կեղծիք են»,- ասել է նա թերթին։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։
Կարդացեք նաև՝
«Մարդու իրավունքների կոպիտ խախտում». միջազգային դիտորդը՝ Բաքվում հայերի դատավարության մասին