Քաղաքապետարանում «Հանրապետություն» կուսակցության բոլոր անդամները վայր կդնեն իրենց լիազորությունները, եթե քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատի ակտիվիստին ծեծած Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, «Հրապարակ»-ին հայտնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ռոմիկ Մխիթարյանը։
«Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու, քննարկել ենք կուսակցությունում, միանշանակ՝ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»,- ասել է Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ Տեր-Մարգարյանին սադրել են։
«Գիտեք, մարդ կարող է չտիրապետել իրեն, որովհետև արժանապատվության, ինքնասիրության խնդիր կա, և ինչ-որ չափով պարոն Տեր-Մարգարյանը յուրաքանչյուր բնակչի արժանապատվությունն է պահել, որովհետև այդ նույն սադրիչը յուրաքանչյուրի դուռը կարող է գնալ նման սադրանքով»,- ասել է Մխիթարյանը։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, իր աջակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք առաջադրել։
ՆԳՆ-ից ապրիլի 30-ին Armenia Today-ին տեղեկացրել էին, որ միջադեպի առնչությամբ 6 ձերբակալված կա։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:
ՔԿ խոսնակը տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
Միջադեպի առթիվ Տեր-Մարգարյանին և Չախոյանին մեղադրանք էր առաջադրվել։