ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հռոմում քննարկել է իր առաջիկա այցը Երևան, գրել է նա X սոցիալական ցանցում:
«Վերահաստատեցի ԵՄ-ի ամուր հանձնառությունը կապերի խորացման հարցում և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի վերաբերյալ»,- ընդգծել է Կալլասը:
ՀՀ նախագահը և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչն ապրիլի 26-ին Վատիկանում մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը:
Ապրիլի 25-ին Կալլասն այցելել էր Ադրբեջան և խոսել Երևանի հետ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին:
Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել Սյունիքի Խոզնավար գյուղի ուղղությամբ։ ԵՄ դիտորդական առաքելությունն արձանագրել էր գյուղում քաղաքացիական շենքերին հասցված վնասի երկու դեպք։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Խոզնավարում բնակելի տուն էր վնասվել։