Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը նշվում է արդեն 24 տարի՝ ամեն ապրիլի 23-ին, հայտնել է Հայ դատի հանձնախումբը։
Ըստ հայտարարության՝ Ուրուգվայի խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ Արք․ Գլնճեանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ՀՀ հյուպատոս Գոհար Մինասյանը, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանն ընթերցվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանտու Օրսիի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է, որ Ուրուգվայը միանշանակորեն կատարել է իր պարտականությունը»:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110րդ տարելիցը՝ հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը»։
Ընթերցվել է Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 13.326 օրենքը՝ ընդունման 60-ամյակի կապակցությամբ, Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Իշխան Սաղաթելյանի կողմից հղված նամակը:
Ուրուգվային երախտագիտության ի նշան՝ Սաղաթելյանը Հայաստանից ժողովրդավարության այս տանը, Հայոց Ցեղասպանության ճանաչման 60-ամյակի և Ուրուգվայի Խորհրդարանի բացման 100-ամյակի առթիվ որպես նվեր է ուղարկել ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» նկարը։ Նկարը Հայ Դատի ներկայացուցչի կողմից հանձնվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրին: