Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքին խնդրել է երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղոթում են ինձ համար, նամակներ են գրում և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում և, ընդհանրապես, մեզ բոլորիս հետ»,- ասել է Վարդանյանը, որի ուղերձն ընտանիքը հրապարակել է Վարդանյանի Facebook-յան էջում։
Նա կիսվել է իր մտքերով, երախտագիտություն հայտնել ծնողներին և ավագ քրոջը։
«Նրանք օգնեցին ինձ տեսնել այս հիասքանչ աշխարհը և գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Իմ ուսուցիչներն ապացուցեցին ինձ, որ փնտրող, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու մարտահրավերների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարևոր պահերը։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։ Մենք բոլորս տարբեր ձևով ենք լսում և ընկալում նույն բառերը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ, բարդ «հղիության» ճանապարհով և պատրաստ լինի ամենադժվար, երբեմն կյանքի համար վտանգավոր ծննդի»,- ասել է Վարդանյանը։
Նա նշել է, որ մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ։
«Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լույս: Բարին, դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։ Ես սա ասում եմ, որպես աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի և ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն և աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մեկ ամբողջություն կազմող, մտքեր մեկնաբանող, մեկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր և գաղափարներ միավորող, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպես կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ և անհատուցելի պարտքի գիտակությամբ Տիրոջ առջև` պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար»,- հավելել է Վարդանյանը։
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։