Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Վարդապետյանը նշել է, որ պատգամավորին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագով` թիվ 185 դպրոցի, 16 հատուկ դպրոցի և 64 մանկապարտեզի զբաղեցրած հողատարածքներն անհիմն օտարելու կամ Մարգարյանի հետ փոխկապակցված անձանց հանձնելու քրեական գործերով։
«Նախկինում կատարել է հանցագործություն, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել գույք, որից հետո կատարել է փողերի լվացում։ Դուրս է բերել գույքը, դարձրել համայնքի սեփականություն, դրանք ձևական աճուրդներով օտարել է իր մտերիմներին, որոնք էլ, իրենց հերթին, օտարել են երրորդ անձանց, իսկ գումարներն ստացել են այն անձինք, որոնք պաշտոններ են զբաղեցրել»,- մանրամասնել է նա։
Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացում, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (Իշխանությունը չարաշահելը, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելը` պատժվում է ազատազրկմամբ` մինչև 8 տարի ժամկետով), ինչպես նաև 447 հոդվածի 1-ին մասոով (շենքերի ինքնակամ շինարարությունը կանխելու համար օրենքով նախատեսված միջոցներ չձեռնարկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Դատախազը հավելել է, որ վաղեմության ժամկետների հետ կապված խնդիր չունեն, քանի որ բոլորը միացված են մեկ վարույթում։
Մարտի 12-ին Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ինչպես նաև Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել էր Դատախազության մամուլի ծառայությունը։
Աղազարյանի և Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համաձայնության մասին որոշման նախագծերը հրապարակվել էին ԱԺ-ի պաշտոնական կայքում, սակայն հաջորդ նստաշրջանի օրակարգ չէին ընդգրկվել։ Երկու պատգամավորի գործն էլ վերաբերում է կոռուպցիոն գործարքներին։