Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունների առանցքային թեմաներից էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերը, գրել է Hurriyet թերթը։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվորեն աջակցել տարածաշրջանում խաղաղ կարգավորման և կայունացման գործընթացին։
Կողմերը քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական իշխանությունների հետ երկխոսության կարևորությունը և կայունությունը Բալկաններում։ Բացի այդ, Ֆիդանը իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Գազայի հատվածում մշտական հրադադար հաստատելու անհրաժեշտության վրա և աջակցություն հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին և բարձր մակարդակի առաջիկա այցերին։
Fox News Digital-ը մարտի 22-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնել ավարտին հասցնել Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու գործարքը և չի բացառել Անկարային F-35 կործանիչներ վաճառելը։ Ինքնաթիռի վաճառքը հնարավոր է, եթե Վաշինգտոնն ու Անկարան համաձայնեն չեզոքացնել Թուրքիային սպասարկող ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը։