Հայաստանն ու Նիդերլանդները թևակոխում են համագործակցության նոր փուլ, որն արձանագրվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների գործընկերոջ՝ Կասպար Վելդկամպի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այսօրվա քննարկումներում կենտրոնացել ենք առաջիկա անելիքների վրա, որի համար արդեն ունենք ամուր հիմք՝ ստորագրված փաստաթուղթ։ Այն իր մեջ ներառում է բացմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգություն, հիբրիդային վտանգների դեմ պայքար, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի խթանում»,- ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ, որը «հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»:
ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի, տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային:
«Խաղաղության խաչմերուկը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում: Ներկայացվել է նաև Հայաստանի խաղաղության օրակարգը և երկխոսությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է Միրզոյանը:
Նիդերլանդների ԱԳ նախարարն, անդրադառնալով ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշել է, որ այն ուղղված չէ որևէ երկրի դեմ:
«Ես տեսնում եմ, որ Հայաստանը փորձում է բալասավորել իր արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում ուզում ենք բարձրացնել մեր միջև համագործակցությունը»,- հավելել է նա:
2025-ի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բացի տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասով այլ նախագիծ չկա։ Նա այդպես էր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «թղթի կտոր» էր անվանել։