ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հեռակա վիճաբանությանը։
Փաշինյանն արձագանքել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների խոսքերին, որոնք հեռակա մեղադրում են միմյանց Փաշինյանին օգնելու մեջ՝ Քոչարյանին ու Սարգսյանին անվանելով «կիսամաշ դեմքեր», «ընտրություններ կեղծողներ և իշխանությունը յուրացնողներ», և իրեն՝ որպես «ժողովրդի ներկայացուցիչ» և «ժողովրդի իշխանության տեղապահ»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում մատնանշում էին Քոչարյանի թիմակիցների աջակցությունը Սարգսյանի դեմ 2018-ի ցույցերին և Փաշինյանի «ստերի կրկնօրինակմանը»։
«2018թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա»,- գրել է նա։
Փաշինյանը նախկին նախագահներ Քոչարյանին և Սարգսյանին կոչ է արել բացահայտել, թե «ով և ինչ նպատակով է իրենց բերել Հայաստանում իշխանության» և հայտարարել, որ դա արվել է Հայաստանի պետականության վերջնական կորստի նպատակով՝ նախկին նախագահներին իշխանության բերածների թելադրանքով։
«Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես: Որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին և հնազանդ կատարի այդ հրահանգը»,- նշել է նա:
Վարչապետը հավելել է, որ այն, ինչ նախկին նախագահներն անվանում են դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց «գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»: