Իրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է ԱԳ նախարարի օգնական Մահմուդ Հեյդարին, որը դժգոհություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններից և ընդգծել հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը։
Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայի դեսպանին կոչ է արել կենտրոնանալ տարածաշրջանային բարդ միջավայրում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են վնասել երկու երկրների հարաբերություններին։
Ըստ հաղորդագրության՝ Քիրլանգիչը հաստատել է Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու Անկարայի ցանկությունը։ Նա խոստացել է Անկարային փոխանցել Իրանի ԱԳՆ դիրքորոշումը։
Ֆիդանն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հարևան երկրներում զինված ուժերին աջակցելու Իրանի քաղաքականությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան օգուտ տալիս: Թուրքիան Իրանին կոչ էր արել փոխել արտաքին քաղաքականությունը, հրաժարվել վերահսկողության և ընդլայնման մեթոդներից և կենտրոնանալ համագործակցության և փոխշահավետության վրա: