ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ փետրվարի 19-ի հայտարարությունը, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։
Գրասենյակը նշել էր, որ փետրվարի 13-ին ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժանմունք են հրավիրել։ Ըստ գրասենյակի՝ «ՀՀ ոստիկանության բաժին են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ, որոնք Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին՝ խոստանալով, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»։
«ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ, որին ոստիկանությունը փետրվարի 13-ին հրավիրել էր ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ մետրոպոլիտենի բաժին, որտեղ գտնվել են ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին կանոնակարգի շրջանակներում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
ՆԳՆ-ից պարզաբանել են, որ հետախուզման կապակցությամբ ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է Շկլովերի փաստաթղթավորումը, և խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում՝ հետախուզվողն ազատ է արձակվել: