Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը Բաքվում, «Ռոսիա 24»-ին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ «Ռուսական տունը» Բաքվում գրանցված չէ որպես իրավաբանական անձ։
Պրիմակովն ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին գրանցման հարցում աջակցություն ստանալու համար։
Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում «Ռուսական տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Պրիմակովը շեշտել է, որ ամեն ինչ տեղի ունենում Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումից առաջացած «էմոցիաներով»։
Հունվարի 28-ին Պրիմակովը հայտարարել էր ադրբեջանական Baku.tv-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին, քանի որ հեռուստաալիքի ռեպորտաժում հեղինակը նշել էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը շեշտել էր, որ Ադրբեջանում ռուսական մշակութային կենտրոնը գործում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրով, այն հետևում է սահմանված պայմանավորվածություններին ու օրենքներին և զբաղվում է բացառապես կրթական, մշակութային գործառույթներով։
Փետրվարի 6-ին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Նույն օրը Բաքուն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունն իր երկրում դադարեցնելու մասին պաշտոնական ծանուցում էր Վաշինգտոնին։