ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Սենատն սկսել է թեկնածուների հաստատման գործընթացը՝ Հանրապետականի առաջարկած նոր կառավարության առանցքային պաշտոնների համար, գրում է РБК-ն։
«Դեռևս Թրամփի երդմնակալությունից առաջ Սենատի համապատասխան հանձնաժողովներն սկսել էին ուսումնասիրել նախարարների և այլ դաշնային գերատեսչությունների ղեկավարների համար նրա առաջարկած թեկնածուներին: Հատուկ լսումների ժամանակ սենատորները մանրամասնորեն ծանոթացել են նրանց անձնական և աշխատանքային կենսագրության առանձին փաստերի, ինչպես նաև իրենց նոր պաշտոնում նրանց քաղաքական հայացքներին և առաջնահերթություններին»,- գրում է կայքը:
Սենատն առաջինը հաստատել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածությունը։ Ըստ կայքի՝ դիվանագետը կոնգրեսականներին ասել է, որ որպես դիվանագիտական գերատեսչության ղեկավար՝ հատուկ ուշադրություն է դարձնելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Նրա խոսքով՝ դա կդառնա նոր վարչակազմի առաջնահերթ նպատակը։
Հունվարի 23-ին հաստատվել էր Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, իսկ հաջորդ օրը՝ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Ռեթքլիֆն իր քաղաքական կարիերան սկսել է որպես փոքր քաղաքի քաղաքապետ, այնուհետև ընտրվել է Կոնգրեսում և Թրամփի առաջին վարչակազմում շուրջ 9 ամիս ծառայել է որպես Ազգային հետախուզության տնօրեն:
«Հեգսեթն ավելի հակասական կերպար է, հատկապես՝ Պենտագոնի կառույցներում աշխատելու իր փորձի բացակայության պատճառով: Վետերանների բարեգործական կազմակերպություններում աշխատելիս կային հրապարակումներ, որ նա հաճախ հարբել է, վատնել բյուջեն և վատ հարաբերություններ ունեցել ենթակաների հետ»,- գրում է կայքը։
Հունվարի 25-ին Սենատը հաստատել էր Հարավային Դակոտայի նախկին նահանգապետ Քրիստի Նոեմի թեկնածությունը Ներքին անվտանգության նախարարի պաշտոնում։ Ըստ կայքի՝ Թրամփին հավատարմության շնորհիվ քաղաքական գործիչն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի հավակնորդների թվում էր։ Նոյեմի խոսքով՝ իր պաշտոնավարման առաջնահերթությունը կլինի ԱՄՆ-ի սահմանների անվտանգությունը և «կոտրված» ներգաղթի համակարգի շտկումը: Հունվարի 27-ին Սքոթ Բեսենտը հաստատվել էր Ֆինանսների նախարար պաշտոնում։
Հունվարի 20-ին Թրամփը պաշտոնապես ստանձնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 2024 թվականի նոյեմբերի 6-ին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։
ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլում ավելի մեծ փոխըմբռնում է ձեռք բերվել․ Իրանի ԱԳՆ
Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իրանի...