Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը «ցուցադրական դատաստան» է անվանել հայ գերիների դեմ Բաքվում ընթացող գործընթացը և քննադատել այդ հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:
«Ալիևը հայ գերիների նկատմամբ ցուցադրական դատաստան է կազմակերպում, հայերին «ահաբեկիչներ» և «ագրեսորներ» որակում, որպեսզի իրեն ապահովագրի։ Քանի որ նա հասկանում է, որ հենց ինքն է վաղ թե ուշ պատասխան տալու բոլոր այն չարագործությունների և հայատյաց ֆաշիստական քաղաքականության համար, որն իր երկիրը վարում է տասնամյակներ շարունակ»,- Աբրահամյանի խոսքերը մեջբերում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։
Նա մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Բաքվում «դատավարության» վերաբերյալ՝ ընդգծելով, որ «իրական ղեկավարը չի լռում, որպեսզի «չվնասի»:
«Իսկական ղեկավարը գործում է այնպես, որ օգնի յուրայիններին, իսկ գոռոզ Ալիևին պատասխանի կոչ անի։ Պետությունը, վարչապետը դրա բոլոր լիազորություններն ունեն, միայն թե լինի ըմբռնում և ցանկություն»,- հայտարարել է ՌՀՄ ղեկավարը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները հայ գերիների դեմ դատական իրավիճակին մոտենում են «մի վնասիր» տրամաբանությամբ: Վարչապետի խոսքով՝ ինքը գերիների հարցով կարող է «հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա հետևանքներն ու ազդեցությունն այդ մարդիկ բանտում կզգան՝ իրենց մաշկի վրա»:
Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական առաջնորդների նկատմամբ դատավարություններն սկսվել էին հունվարի 17-ին: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։