Գեղարքունիքի Կութ համայնքի հատվածի մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող և շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈւ զինծառայողի Արամ Տիգրանի Քոչարյան սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, հայտնում են ՔԿ-ից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության 2-րդ մասի 1-ին (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, առավելագույն պատիժը` ցմահ ազատազրկում), և 15-րդ (ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, առավելագույն պատիժը` ցմահ ազատազրկում) կետերով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրվարույթ է նախաձենռվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (երկու դրվագ)։ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ (կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 3-րդ (կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), և 4-րդ (կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս արարքները պատժվում են առավելագույնը 8 տարի ժամկետով։
«Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել նաև տուժածներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել են ավտոմեքենայի հետևի և ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել»,-հայտնում են ՔԿ-ից՝ շեշտելով, որ նշված երկու վարույթները միացվել են։
Հոկտեմբերի 2-ի ՊՆ-ն հայտնել էր, որ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր։