Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ
զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
«Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն»,- ասված է հայտարարությունում:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։