ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նշվում է, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջև, նշված դատարանի բակում, տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղևորներին, ինչը նկատել են նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, ովքեր անմիջապես մոտեցել են, օրենքով սահմանված կարգով ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը և դադարեցնել հակաօրինական գործողությունները:
Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի։
Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից վեցի ինքնությունը, որոնց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը, նրանցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: