Armenia Today-ը ներկայացնում է օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական երկու հանրապետություննների ղեկավարներն ու կառավարությունների որոշ անդամներ երեկ Երևանում են հանդիպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, խաղաղության օրակարգի մասին մտքեր են փոխանակել: «Արցախցուց ավելի շատ որևէ մեկը, երևի թե, չգիտի խաղաղության գինը»,- Փաշինյանին ասել է Հարությունյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են՝ երեկվա հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել լոկ՝ հասարակությանը ցույց տալու համար, թե երկու պետությունների քաղաքական իշխանությունները միմյանց հետ որևէ խնդիր ու հարց չունեն: «Քանի որ Հայաստանում այս օրերին ընդդիմությունը ցույցեր է իրականցնում, փողոցային պայքարի է դուրս եկել, վաղն էլ պատրաստվում է մեծամասշտաբ հանրահավք իրականացնել, ապա Փաշինյանի նախաձեռնած հանդիպումը իմաստ է ունեցել ցույց տալու, թե իբրև թե ամեն ինչ «օքեյ» է: Սա հայաստանյան ընդվզումները մեղմելու համար կազմակերպված հանդիպում էր ընդամենը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ՝ այդ հանդիպումը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել, ու դա այն հստակ պատճառով ու տրամաբանությամբ, որ Արցախի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ներկաների մեջ չի եղել: «Տեսակետ կա, թե Փաշինյանը Արցախի մասով արցախցի պաշտոնյաների գլխի տակ ցանկացել է փափուկ բարձ դնել»,- փոխանցեցինք արցախցի մեր աղբյուրին:
«Հուսամ՝ փափուկ բարձին չեն դնի գլուխները, չնայած, վստահեցնում եմ՝ Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգերը» տարբերվում են: Հարությունյանը հավատարիմ է այն օրակարգին, որ օրեր առաջ հաստատվել ու հրապարկվել է Արցախի խորհրդարանի կողմից: Հանդիպման ընթացքից մեկ դրվագի, այնուամենայնիվ, արժի ուշադրություն դարձնել: Փաշինյանն ասում է, թե իրենք Արցախի մասով դրսում ինչ խոսում կամ բանակցում են, արցախցի գործընկերներին տեղյակ են պահում, իսկ դա նշանակում է, որ Արցախի պաշտոնատար անձանց հետ ոչ թե համգործակցում են, այլ սոսկ «տեղյակ են» պահում»,- նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է բարեփոխել ռոյալթիի հարկման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Բացի այս, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում կլրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Ըստ ՖՆ-ի՝ մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը կդառնա մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ապրիլի 30-ին, հեղափոխական իշխանությունների կողմից հայկական տոնացույցում ավելացված, բայց այդպես էլ տոն չդարձած Քաղաքացու օրն է։ Հեղափոխությունից մեկ տարի անց Փաշինյանի թիմակիցները «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեցին՝ սահմանելով Քաղաքացու օր տոնը։ Որոշվեց այն նշել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Այս տարի Քաղաքացու օրն ապրիլի 30-ին է։ Միայն մեկ տարի է իշխանությունը մեծ շուքով նշել Քաղաքացու օրը՝ Մաշտոցի պողոտայում խորոված անելով եւ մի շարք այլ միջոցառումներով, որոնք կրում էին «Միտքդ վառ պահիր» խորագիրը:
2020 թվականին տոնը չնշվեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021-ին էլ այդ օրը համընկավ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, եւ որոշվեց այն նշել ապրիլի 25-ին։ Այդ օրը նշանավորվեց նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որպեսզի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչվեր։
Իսկ այս տարի հայտարարվել է համապետական շաբաթօրյակ։ Այլ միջոցառումների մասին երեկ իշխող թիմում տեղեկություն չունեին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական որոշ շրջանակներ տագնապած են այս պայքարից։ Կարծում են, որ այն կարող է նաեւ իրենց համար տհաճ զարգացումների հանգեցնել։ Ոմանք դավադրություն են տեսնում եւ կարծում են, որ ընդդիմությունն առանց դրսի աջակցության նման պայքար չէր սկսի։ Բայց կա նաեւ իշխանական ցինիկների մի խումբ, որը զբաղված է ընդդիմությանը հեգնելով, ծաղրելով, նրանց պայքարը համարում է «կապիկություն» եւ հումորներ է անում։
Օրինակ, ասում են․ «Չբռնե՞նք նորից արտահերթ ընտրություններ անենք, նորից մի 60 տոկոս ձայն տանենք՝ սրանք իմանան։ Մի հատ էլ ցույց տանք, որ ժողովուրդն իրենց չի պաշտպանում ու համաձայն է մեր բոլոր արածներին, նաեւ թուրքի հետ բարեկամանալուն»։
Իրենց հավաքների ժամանակ իշխանականների այս խումբը ծաղրում է ընդդիմադիր գործիչների ասած խոսքերը, շարժումները, ելույթները, կիրառած հնարքները։ Ասում են․ «Թող բերեն մեզ մեծ փողեր տան, իրենց համար տեխնոլոգիաներ մտածենք, սովորեցնենք պայքարելու ձեւերը»։