Կա տարածաշրջանային քաղաքականության քաոսացման վտանգ, կան անվտանգության ռիսկեր՝ կապված նաև ղարաբաղյան հարցի հետ։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
«Կա տարածաշրջանային քաղաքականության քաոսացման վտանգ, և կան անվտանգության ռիսկեր՝ կապված նաև Ղարաբաղյան հարցի հետ։ Հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո Մոսկվայում շատերի համար, նաև ինձ համար, մասնավորապես, ակնհայտ էր, որ Բաքվի իշխանությունները կփորձեն օգտվել այդ հանգամանքից, որպեսզի Լեռնային Ղարաբաղում մի շարք տարածքներ գրավեն և դրանով փորձարկեն ռուս խաղաղապահների դիմակայությունը: Մենք տեսնում ենք, որ մարտի վերջին բավականին կոշտ պիկացիա է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև։ Հիմա իրավիճակը, որքանով կարելի է դատել, մի փոքր կայունացել է, բայց, այնուամենայնիվ, հետագա սրացումները բնավ բացառված չեն», – նշել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի համար դա հղի է ներքաղաքական ապակայունացման ռիսկերով՝ հաշվի առնելով Փաշինյանի ռեժիմի տարանջատումը ղարաբաղյան հարցից և ներքին ընդդիմության ակտիվացումը։
Փորձագետը մեկնաբանել է նաև Բրյուսելում ապրիլի 6-ին կայանալիք Եվրախորհրդի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավոր արդյունքները:
«Հաշվի առնելով եվրոպական դիվանագիտության ամերիկամետ գիծը, ինձ թվում է, որ չեն բացառվում պայմանագրի ստորագրելու կամ նախաստորագրելու փորձերը, եթե ոչ խաղաղ պայմանագրի, ապա ինչ-որ փոխադարձ պարտավորությունների, որոնք նախատեսում են Հայաստանի կողմից նախկին միութենական հանրապետությունների սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչը, իհարկե, Հայաստանում ոչ միանշանակ հետևանքների կհանգեցնի: Առայժմ իրավիճակը բավականին քաոսային է զարգանում, շատ անորոշություններ կան, բայց դա, անշուշտ, իր մեջ տարբեր ռիսկեր է պարունակում», – հայտարարել է Արեշևը։
Քաղաքագետը դժվարացավ ասել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի կանխեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման մշտական անջատումները: Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած՝ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ արել են տարածաշրջանում հայկական ռազմաքաղաքական գործոնը թուլացնելու համար։
«Այժմ մենք տեսնում ենք, որ դեպի Մոսկվա և այլ մայրաքաղաքներ այդ զանգերը արտացոլում են այն տխուր հանգամանքը, որ հայկական իշխանությունները լիովին չեն կարող ապահովել սեփական սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ երկրի տարածքով անցնող հաղորդակցություններ մասով։ Ես էլ չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, որը, տպավորություն է ստեղծվում, նպատակաուղղված դուրս է բերվում ռուս-ադրբեջանական երկխոսության հարթություն՝ Մոսկվայի և Բաքվի միջև փոխադարձ պայմանավորվածությունների հարթություն», – ասել է քաղաքագետը։
Արեշևը կարծիք է հայտնել, որ միջնաժամկետ հեռանկարում ռուսական կողմը կմնա Հայաստանի անվտանգության, այդ թվում նաև ռազմական անվտանգության հիմնական երաշխավորը: «Շատ բան, իհարկե, կախված է լինելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերազինման և արդիականացման ընթացքից, ռազմական կարողությունների վերականգնումից», – ասել է նա:
Արեշևը նաև մեկնաբանել է ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Անկարայի գործողությունները: Նրա գնահատմամբ՝ Էրդողանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի առավելագույնս ամրապնդի իր դիրքերը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական-դիվանագիտական ուղղությամբ՝ հաջողությամբ առաջարկելով բանակցություններն անկցացնել Թուրքիայում:
«Ինձ թվում է, որ թուրքական միջնորդությանը համաձայնելը զիջում էր Մոսկվայի կողմից՝ հաշվի առնելով երկու երկրների առաջնորդների միջև բավական սերտ հարաբերությունները։ Մենք գիտենք, որ Էրդողանը մշտապես բանակցում է Մոսկվայի հետ և չի հրաժարվել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու երկարաժամկետ նպատակից», – նշել է նա։
Փորձագետի խոսքով, թեև դա դեռևս հեռու է, այժմ Անկարան փորձում է դուրս մղել հնարավոր ամեն ինչ, այդ թվում նաև Արևմուտքի հետ իր հարաբերությունների տեսանկյունից, քանի որ շատ է ցանկանում դուր գալ Արևմուտքին և նրանից լրացուցիչ զիջումներ և արտոնություններ կորզել, մասնավորապես, Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչի արտադրության անդրսահմանային ծրագրին:
«Մենք տեսնում ենք, որ թուրք ղեկավարներն այդ մասին ուղիղ և ոչ երկիմաստ են հայտարարում։ Սակայն նման քայլերը միանշանակ չեն ընկալվում՝ հաշվի առնելով Արևմուտքի համառ խնդրանքները՝ Թուրքիայի տրամադրության տակ եղած С-400 զենիթահրթիռային համակարգերը Կիևին փոխանցելու հարցում», – ընդգծել է փորձագետը։
Նրա խոսքով, եթե Թուրքիան նման քայլի գնար, ապա դա հարված կլիներ ռուս-թուրքական հարաբերություններին։ «Այստեղ բավականին բարդ խաղ է ընթանում. Անկարան փորձում է նստել նույնիսկ ոչ թե երկու, այլ մի քանի աթոռի վրա, իսկ թե որքանով դա կստացվի, ցույց կտա ժամանակը»,- ընդգծել է քաղաքագետը: Նրա կարծիքով՝ շատ բան կախված կլինի Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողության հաջողությունից, որն էլ կկանխորոշի քաղաքական բանակցությունների արդյունքները։