10 վարչական շրջաններում նախատեսած 20 վերելակների փոխարինման աշխատանքն այսօր արդեն ամբողջությամբ ավարտվել է։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև 2020-ի համար պլանավորված անելիքներին:
«Սա, իհարկե, վերելակների թարմացման մեր մեծ խնդրի մի փոքր մասի լուծումն է՝ փորձնական ծրագրով: 2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք, իսկ հետագայում արդեն կգործարկենք 3500 մաշված վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում»,- գրել է Մարությանը:
Ծրագրին անդրադարձել են Երևանի քաղաքապետարանից՝ տեղեկացնելով, որ ծրագրի այս փուլի արժեքը շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվել է հիմնական նախագծի մոդելով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:
Համաձայն տեղեկատվության՝ Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում: