2022 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեությանը կհատկացվի 704,6 մլն դրամ՝ 2020 թվականի համեմատ աճը կկազմի 3%: Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«2022 թվականին Արդարադատության նախարարությունը պետք է իրականացնի 9 ծրագիր՝ 27 միջոցառումով, ֆինանսավորումը կկազմի 23 մլրդ 288 մլն դրամ»,- ասաց նախարարը։
Հաջորդ տարի Քննչական կոմիտեն պետք է իրականացնի 1 ծրագիր 5 միջոցառումով՝ 8,340 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին 2 միջոցառումով 1 ծրագրի իրականացման համար կտրամադրվի 350,6 մլն դրամ՝ 50 տոկոս աճով։ Հակակոռուպցիոն հանձնաժողովը պետք է իրականացնի 1 ծրագիր՝ 3 միջոցառումով. այդ նպատակով կհատկացվի 823,7 մլն դրամ։
Հաշվեքննիչ պալատը 2 միջոցառումներով 1 ծրագրի իրականացման համար կստանա 1 մլրդ 49,7 մլն դրամ, 3 միջոցառումով 1 ծրագրի իրականացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստանա 1 մլրդ 268,4 մլն դրամ։ Ֆինանսավորումը 2021 թվականի նախընտրական տարվա համեմատությամբ կկրճատվի 32%-ով, ասաց Ֆինանսների նախարարության ղեկավարը։