«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատեր Սիմոն Պողոսյանը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
Նամակում մասնավորապես ասվում է․
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ
Արդեն 20 տարի է, ինչ բիզնես գործունեություն եմ իրականացնում Մայր Հայրենիքում. 1999թ. ստեղծելով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը՝ առաջիններից մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրեցի հայրենական տնտեսության մեջ,քանզի որպես հայ մարդ համարում եմ, որ Հայաստանն աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը նրա ճակատագրի հանդեպ»:
«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատերն իր նամակում նշում է , որ այս ընթացքում իրենց ընկերությունը դարձել է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը, որը տարեկան միլիոնավոր դոլարների կայուն մուտքեր է ապահովում պետական բյուջե՝ իր համեստ մասնակցությունը բերելով Հայաստանի շենացմանն ու հզորացմանը:
Նամակի հեղինակը նշում է, որ իր հայաստանյան գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չի ունեցել հատուկ վերաբերմունքի արժանանալու նկրտումներ՝ պետության, օրվա իշխանության կողմից՝ խստիվ գործելով օրենքի և օրինականության շրջանակներում,երբևէ չի փնտրել հովանավորներ իշխանական բարձրագույն օղակում,նաև կտրուկ հակադարձել է նույն այդ օղակից հովանավորվելու ցանկացած ակնարկի:
«Բնույթով լինելով ազգային և պետական մտածողության արժեհամակարգի կրող և ելնելով իմ կարգավիճակից երբևէ չեմ հարել քաղաքական որևէ հոսանքի,ընդգրկված չեմ եղել քաղաքական որևէ գործընթացի մեջ,երբևէ չեմ հայտնել հրապարակային կարծիք որևէ քաղաքական իրավիճակի վերաբերյալ, բացառությամբ այն մեկ-երկու դեպքերի,երբ խոսքը վերաբերվել է համաժողովրդական և համազգային օրակարգային հարցերին՝ այն անդրդվելի համոզմամբ, որ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն»,- ընդգծել է գործարարը:
«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատերը նշում է, որ իր նամակով ուզում է տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի իրավապահներն իր հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որևէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ,որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության։
«Բացի դրանից ընկերության գործունեության մասին «Սուր անկյուն» կոչվող հաղորդաշարարի կողմից տարածված բացահայտ շինծու, ընդհուպ Ամուլսարի հետ համեմատության եզր տարվող,մեր ընկերության հեղինակազրկմանն ուղղված տեղեկատվության տարածումը ավելի ամբողջական են դարձնում մեր մտահոգության դրդապատճառը», -ավելացրել է գործարարը:
Գործարարն իր նամակում նշում է նաև իրավապահների ոչ իրավաչափ գործողությունները նշելով, որ․
«Տարվա ընթացքում բավականին հաճախ ունենում ենք հյուրեր տարբեր երկրներից,որոնք, ի միջի այլոց, սովորաբար լինում են իրենց երկրների բարձրագույն ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձինք : Պատկերացրեք այդ մարդկանց զարմանքը,տարակուսանքն ու նաև մեր երկրի մասին ձևավորվելիք կարծիքը,երբ իրավապահները Սևանի մայրուղու վրա, առանց որևէ խախտում արձանագրելու,իրենց բառերով ասած «ենթադրյալ կասկածանքով» իմ անձնական օգտագործման ավտոմեքենայից իջեցնում են ինձ և իմ հյուրերին, և մեքենան տանում են տուգանային հրապարակ իրենց կասկածները փարատելու,երբ նույն այդ կասկածները կարող էին փարատել բազմաթիվ այլ, քաղաքակիրթ ձևերով: Կամ, երբ իմանում են իմ բնակելի տան տարածքում իրականացված ոստիկանական անհանդուրժելի գործողությունների մասին : Հետևությունները թողնում եմ Ձեզ»։
Գործարարը նշում է նաև նամակի գրման հիմնական պատճառը․
«Հակված եմ կարծելու,թե իշխանական որոշ օղակներ, օգտագործելով Ձեր զբաղվածության ծանրաբեռնված գրաֆիկի հանգամանքը, «արջի ծառայություններ» մատուցելու հիվանդագին մղումով են տարված, կամ էլ ավելի վտանգավոր է,զբաղված են պետական իշխանություն – բիզնես փոխհարաբերությունների միտումնավոր վատթարացմամբ, որը միանշանակորեն հղի է հայաստանյան գործարար միջավայրի իմիջի,հետևաբար նաև Հայաստանի տնտեսության թուլացման վնասակար հետևանքներով: Իսկ հրապարակավ դիմելուս պատճառը ոչ միայն իրավիճակին Ձեր միջամտությունը հայցելն է, այլև եթե այլ գործարարներ ևս առնչվում են նմանատիպ իրավիճակների, ապա նրանք ևս բարձրաձայնեն այդ մասին, և խնդրին տրվի քաղաքակիրթ լուծում: Հակառակ պարագայում, որևէ խոշոր, նամանավանդ կայացած բրենդ արտադրող գործարարի համար առանձնակի մեծ դժվարություն չի ներկայացնում այլ հարմար միջավայրում գործունեություն ծավալելն ու միաժամանակ Հայրենիքում բնակվելը. սա 21-րդ դարն է, և բիզնես հնարավորություններն իսկապես անսահմանափակ են : Ինչպես ասում են, ֆինանսները լռություն են սիրում»,- նշված է նամակում։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատերը հայցում է Նիկոլ Փաշինյանի, որպես երկրի ղեկավարի իրապես անհրաժեշտ միջամտությունը՝ դադարեցնելու ժամանակ առ ժամանակ բիզնես ասպարեզում առաջ եկող արհեստածին «աղմուկ-աղաղակի» բռնկումները: