Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կապակցությամբ բաց ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը:
Խորհուրդը ՌԴ ղեկավարության, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ուշադրությունն է հրավիրում Ղարաբաղում հումանիտար աղետի վրա:
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում հաճախակի են դարձել հայկական գյուղերի գնդակոծությունները, իսկ ադրբեջանական կողմի մեղքով գազատարը պայթեցվել է:
«Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ապրում է առանց գազի, ջեռուցման, էլեկտրականության խափանումներ են սկսվել։ Եվ դա ձմռանից մինչև գարուն անցումային շրջանում է, երբ դեռ բավական ցուրտ եղանակ է», — ասված է ուղերձում։
Ընդգծվում է, որ ադրբեջանական կողմը ցուցադրաբար անտեսում է խաղաղ միջոցներով խնդիրը լուծելու ռուս խաղաղապահների բոլոր փորձերը:
«Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են, օգտվելով Ուկրաինայում ռազմական հակամարտությունից, Կովկասում ստեղծել լարվածության նոր օջախ, որպեսզի շեղեն Ռուսաստանի ուշադրությունը, բացեն այսպես կոչված «երկրորդ ճակատը»:
Նման բարդ ժամանակներում Ռուսաստանի որոշ ադրբեջանամետ ուժեր ԶԼՄ-ների միջոցով փորձում են սևացնել Հայաստանը, կեղծ տեղեկատվական հաղորդագրություններ են տարածում։ Ընդ որում, նրանք միտումնավոր «չեն նկատում», որ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական սփյուռքը քչերից մեկն է, որ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի ժողովրդական և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների իրավունքների պաշտպանության քաղաքականության լիակատար, ամուր և գործնական աջակցության մասին», — ասված է դիմումում:
Դիմումի հեղինակները հիշեցնում են, որ Արցախի իշխանությունները 2022 թ. փետրվարի 22-ին պաշտոնապես ողջունել են ՌԴ կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը:
Նշվում է, որ պաշտոնական Բաքուն կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք բխում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ինչպես նաև ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրերից, որոնք սահմանում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի իրավունքներն ու պարտականությունները՝ հումանիտար աղետը կանխելու համար:
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ դրսևորել ամուր կամք և կանխել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու բոլոր փորձերը: Խնդրում ենք Ձեզ շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական խաղաղապահ զորախումբը հնարավորինս շուտ նպաստի Լեռնային Ղարաբաղում գազատարի աշխատանքի վերականգնմանը: Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել նաև Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայկական գյուղերի գնդակոծությունները կանխելու ուղղությամբ:
Մենք համակարծիք ենք Ռուսաստանի հետ և նրան ամենայն հաջողություն ենք մաղթում», — ասվում է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի բաց ուղերձում։
Հիշեցնենք, որ Արցախի ողջ տարածքը նոյեմբերի 7 – ից զրկված է գազից՝ Հայաստանից Արցախ տանող գազատարի վնասման հետևանքով. վնասված հատվածը գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի բնակչության շուրջ 80 տոկոսը զրկված է գազամատակարարումից, ջեռուցումից և տաք ջրից: Ադրբեջանական կողմը խոչընդոտում է «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների մուտքը վնասված տարածք: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ադրբեջանական կողմի հետ արդեն մեկ շաբաթ շարունակվող բանակցություններն արդյունք չեն տվել։
Բացի այդ, ադրբեջանական զինուժը վերջին օրերին ինտենսիվորեն գնդակոծում է Արցախի մի շարք գյուղեր։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



