Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հայտարարել է կառավարության ղեկավարի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին՝ կոռուպցիոն սկանդալի և դրա առնչությամբ սկսված հետաքննության պատճառով, հայտնում է LRT-ն։
Պալուցկասի տարածած հայտարարությունում ասվում է, որ նա ընդունում է «անցյալի սխալները»՝ միաժամանակ ընդգծելով, որ «ինքն ազնիվ է գործել որպես վարչապետ» և «լուրջ խախտումներ չի թույլ տվել»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պալուցկասը ներքաշվել է սկանդալների մեջ, որոնք կապված են Վիլնյուսի քաղաքապետարանին հասցված վնասի՝ ժամանակին չփոխհատուցման, ինչպես նաև վարչապետի ազգականի ընկերության կողմից արտոնյալ վարկ ստանալու հետ։ Սկանդալ է սկսվել, երբ հետաքննող լրագրողները պարզել են, որ Պալուցկասի և նրա գործընկերոջ կողմից հիմնադրված ընկերությունը նրա՝ վարչապետ նշանակվելուց հետո ստացել է 200 000 եվրո արտոնյալ վարկ:
Հետագայում հայտնվել են այլ հրապարակումներ վարչապետի շրջապատում հնարավոր կոռուպցիայի մասին: Մասնավորապես, պնդվում էր, որ նրա ընտանիքի հետ կապված ընկերությունը սուբսիդիաներ է ստացել ԵՄ-ից, որոնց մեծ մասը ծախսել է գնումների վրա:
Պալուցկասը գլխավորել է կոալիցիոն կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերին, երբ սոցիալ-դեմոկրատները հաղթանակ էին տարել ընտրություններում: