Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար, հայտնում է Financial Times-ը։
Այդ «էական քայլերն են», նրա խոսքով, համաձայնությունը հրադադարի վերաբերյալ, ՄԱԿ-ի կողմից օգնության մատակարարման վերսկսման թույլտվությունը, հանձնառությունը երկարաժամկետ խաղաղության գործընթացին, որը «կապահովի երկու պետությունների միջև խնդրի լուծումը» և Արևմտյան ափն ապագայում չբռնակցելու խոստումը։
Վարչապետը ՀԱՄԱՍ-ից պահանջել է ազատ արձակել բոլոր պատանդներին, ընդունել, որ իրենք որևէ դեր չեն խաղա Գազայի կառավարման գործում և լիովին զինաթափվել։
Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը: Միացյալ Նահանգները և Իսրայելը խստորեն քննադատել էին Ֆրանսիայի այդ մտադրությունը:
2024 թվականի հունիսի դրությամբ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 147-ը։ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը հայտարարել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։