Ֆրանսիայի վճռաբեկ դատարանն անվավեր է ճանաչել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալման օրդերը, հայտնում է Le Monde-ն։
Դատարանն ընդգծել է, որ պետության ղեկավարի անձեռնմխելիությունը վերանայման ենթակա չէ, և ոչ մի բացառություն չի կարող արվել գործող նախագահին ձերբակալելու օրդեր տալու համար: Սակայն, ինչպես նշել է Ֆրանսիայի վճռաբեկ դատարանի նախագահ Քրիստոֆ Սուլարը, քանի որ Ասադն այլևս նախագահ չէ, «նրա ձերբակալման նոր օրդերները կարող են տրվել»:
Վճռաբեկ դատարանը քաղաքացիական և քրեական գործերով երկրի բարձրագույն դատական ատյանն է։
2023 թվականի նոյեմբերի 15-ին AFP-ն հայտնել էր, որ քիմիական զենքի կիրառման գործով ֆրանսիական դատարանը կալանքի չորս օրդեր էր տվել։ Բացի Սիրիայի նախկին առաջնորդից, մեղադրանքներ էին առաջադրվել նրա եղբոր՝ Մահեր Ասադիբ, որը Սիրիայի գվարդիայի հրամանատարն էր (էլիտար ռազմական կազմավորում, որը նախատեսված էր սիրիական իշխանությունների պաշտպանության համար-խմբ․), ինչպես նաև ևս երկու գեներալների նկատմամբ, որոնց անունները չէին նշվել:
Հունվարին Ֆրանսիան Սիրիայի նախկին նախագահի ձերբակալության նոր օրդեր էր տվել։ Ֆրանսիայի իշխանություններն Ասադին մեղադրում են 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը մեղսակցության մեջ։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչները հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրն Ասադը լքել էր Սիրիան և ապաստան գտել ՌԴ-ում։