Հուլիսի 25-ին Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջալավար շրջանում պետական դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 7 երեխա, 28 աշակերտ մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, հայտնում է The Hindu-ն։
Կայքի տեղեկություններով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, որտեղ ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Ըստ նախնական տվյալների՝ դպրոցի շենքը գտնվում էր վթարային վիճակում, իսկ վերջին օրերի ինտենսիվ տեղումները հնարավոր է՝ ազդել են շինության կայունության վրա։ Տեղի բնակիչներն ու ծնողները նախկինում ահազանգել էին շենքի ճաքերի ու խոնավության մասին, սակայն համապատասխան մարմինների կողմից ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել։
Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր, ինչպես նաև շրջանի ոստիկանությունը։ Տեղի իշխանությունները հայտարարություն են տարածել՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին։ Ռաջաստանի նահանգապետը և Կրթության նախարարը հայտնել են, որ պետությունը կհոգա զոհվածների ընտանիքների աջակցությունը և վիրավորների բուժման բոլոր ծախսերը։
Ներկայումս կատարվում է պաշտոնական քննություն՝ պարզելու միջադեպի իրական պատճառներն ու պատասխանատու կողմերին։ Միաժամանակ, սկսվել է դպրոցի շենքերի տեխնիկական վիճակի ստուգում՝ նման ողբերգությունների կրկնությունը բացառելու նպատակով։