Ռուսաստանը Ճապոնիայի դեսպանատանը «վճռական բողոք» է հղել՝ կապված Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ-ի օդային ուժերի զորավարժություններին այդ երկրի զինվորականների մասնակցության հետ, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից ընդգծել են, որ չնայած «զսպման և արձագանքման» կարողությունների զարգացման մասին Վաշինգտոնի և Տոկիոյի հայտարարած նպատակին՝ «ուղիղ ակնարկներ» են հնչել այն մասին, որ զորավարժությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուսաստանի պաշտպանունակության ամրապնդմամբ:
«Ռուսաստանն անթույլատրելի է համարում նման անպատասխանատու գործունեությունը, որն ունի զինված հակամարտության նախապատրաստման բոլոր հատկանիշները։ Այն պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի անվտանգությանը և անխուսափելիորեն կառաջացնի համարժեք հակաքայլեր», – հայտարարել է ԱԳՆ-ն։
ԱՄՆ Զինված ուժերի Resolute Force Pacific զորավարժություններն անցկացվում են հուլիսի 9-ից օգոստոսի 4-ը, այդ թվում՝ Ռուսաստանի հեռավորարևելյան սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող ռազմաուսումնական բազաներում: