ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել մինչև օգոստոսի վերջ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների բացակայության դեպքում, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ հուլիսի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պայմանավորվել են օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու վերջնաժամկետ:
Եթե մինչև այդ ժամկետը համաձայնություն ձեռք չբերվի, եվրոպական երեք երկրներ ծրագրում են գործարկել բոլոր պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որոնք ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանվել Էին Իրանի նկատմամբ և չեղարկվել էին 2015 թվականի միջուկային գործարքի շրջանակներում:
Ըստ աղբյուրների՝ եվրոպացիները ծրագրում են առաջիկա շաբաթներին կապի մեջ մտնել Իրանի հետ և հայտարարել, որ Թեհրանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե վերսկսի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) դադարեցված մոնիտորինգը, ինչպես նաև համաձայնի Իրանից մինչև 60% հարստացված մոտ 400 կգ ուրանի դուրսբերմանը:
2018 թվականին ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից։ 2025 թվականի գարնանը Վաշինգտոնն ու Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ էին անցկացրել։ Վեցերորդ փուլը չեղարկվել էր հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական գործողության մեկնարկից հետո: Հուլիսի սկզբին Իրանը դադարեցրել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։