Եկատերինբուրգի դատարանը մինչև սեպտեմբերի 14-ը կալանավորել է տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն՝ Մութվալա Շիխլինսկուն, հայտնում է ՌԲԿ-ն:
Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդու ձերբակալության մասին հայտնի էր դարձել հուլիսի 15-ին։
Նշվում է, որ նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդված): Պարբերականի տվյալներով՝ գործի հարուցման առիթ է դարձել միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի սկզբին Եկատերինբուրգում, երբ իրավապահները փորձել են ձերբակալել մեղադրյալի հորը՝ Շահին Շիխլինսկուն:
Ձերբակալության պահին նա գտնվել է մեքենայում, որի ղեկին Մութվալան էր։ Հետաքննության վարկածով՝ ձերբակալման վայրը լքելու փորձի ժամանակ վարորդը ԱԴԾ աշխատակիցներից մեկին հարվածել է ավտոմեքենայի բաց դռնով։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված»։ Այնուհետև Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին ազատ արձակելու պահանջով: Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին բողոք էր ներկայացվել։