ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 50 օրից Ռուսաստանի նկատմամբ 100%-ի չափով երկրորդական մաքսատուրքեր կսահմանի՝ Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Շատ դժգոհ եմ Ռուսաստանից։ Պատրաստվում ենք շատ բարձր մաքսատուրքեր սահմանել, եթե 50 օրվա ընթացքում համաձայնության չգանք։ Հուսով եմ՝ ստիպված չենք լինի դա անել: Բայց այն ամենը, ինչ ես լսում եմ, զրույցներ են, զրույցներ և զրույցներ»,- մեջբերում է պարբերականը Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը նշել է, որ աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Կոնգրեսի նախաձեռնությանը, բայց դեռ չգիտի՝ արդյոք դա անհրաժեշտ կլինի՞: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել եվրոպացիների հաշվին Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու վերաբերյալ: Այդ մատակարարումների համակարգմամբ կզբաղվեն ՆԱՏՕ-ն և դաշինքին կից ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ Թրամփն ընդգծել է, որ զենքի ծախսերը հոգալու են ՆԱՏՕ-ի անդամները, այլ ոչ թե ամերիկացի հարկատուները:
Թրամփը ներմուծման ավելացված մաքսատուրքերի սահմանումը հուլիսի 9-ից տեղափոխել էր օգոստոսի 1-ը։ Նա Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, ՀԱՀ-ի և այլ երկրների առաջնորդներին նամակներ էր ուղարկել՝ նախազգուշացնելով նոր սակագների մասին՝ 25-ից մինչև 40%: ԱՄՆ նախագահը նշել էր, որ ամսաթիվը «հաստատուն է, բայց ոչ 100%-ով», և բանակցություններ հնարավոր են: