Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ «դրական ոգով» է արձագանքել ԱՄՆ-ի միջնորդությամբ ներկայացված Գազայի հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցությունների՝ գործարքի իրականացման մեխանիզմի շուրջ, որը նախատեսում է պատանդների ազատում և հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր «վերջնական առաջարկ»՝ 60-օրյա հրադադարի վերաբերյալ՝ գրեթե 21 ամիս տևող Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում, և նշել, որ սպասում է կողմերի արձագանքին ժամերի ընթացքում։
ՀԱՄԱՍ-ն իր պաշտոնական կայքում գրել է. «Շարժումն ավարտել է իր ներքին խորհրդակցությունները, ինչպես նաև քննարկումները պաղեստինյան այլ խմբավորումների ու ուժերի հետ՝ կապված Գազայում մեր ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու միջնորդների վերջին առաջարկի հետ։ Շարժումն իր պատասխանը փոխանցել է եղբայրական միջնորդներին, որը նշանավորվում է դրական ոգով։ ՀԱՄԱՍ-ը լիովին պատրաստ է, ամենայն լրջությամբ, անմիջապես սկսելու նոր բանակցությունների փուլ՝ այս ծրագրի իրականացման մեխանիզմի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։
Իսրայելական լրատվամիջոցները հղում անելով պաշտոնական աղբյուրին հայտնել են, որ Իսրայելը ստացել է և ուսումնասիրում է պաղեստինյան խմբավորման պատասխանը հրադադարի առաջարկին։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: