ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման մասին, հայտնում է Սպիտակ տունը։
Հրամանագրում նշվում է, որ «վերացվում են Սիրիայի դեմ պատժամիջոցները, սակայն միջոցներ են ձեռնարկվում Բաշար Ասադի, նրա զինակիցների, մարդու իրավունքները խախտողների, քիմիական զենքի ստեղծման ծրագրի մասնակիցների դեմ»։ Այն նաև թույլ է տալիս թուլացնել արտահանման վերահսկողության միջոցառումները, որոնք գործում են Դամասկոսի հետ հարաբերություններում։
Բացի դրանից, հրամանագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մակարդակով կուսումնասիրի Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը:
Իր հերթին՝ CBS հեռուստաալիքը նշում է, որ որոշ պատժամիջոցների չեղարկմանը պետք է հավանություն տա ԱՄՆ Կոնգրեսը:
ԱՄՆ-ում դեռևս ուժի մեջ են մնում Սիրիայի դեմ դեռևս 1979 թվականին ընդունված սահմանափակող միջոցները, երբ Վաշինգտոնն այդ երկիրն ընդգրկեց ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում:
Թրամփի վարչակազմը մայիսի վերջից սկսել էր Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը։ ԱՄՆ առաջնորդը պատժամիջոցները չեղարկելու որոշումը կայացրել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։