Սպիտակ տունն ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և ՆԱՍԱ-ին հանձնարարել է մանրամասն վերանայել գործարար Իլոն Մասկի SpaceX-ի հետ կնքված բազմամիլիարդ դոլարանոց պայմանագրերը։ Սա տեղի է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի և Մասկի միջև հրապարակային հակամարտության ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Վերանայման շրջանակներում վարչակազմը կուսումնասիրի պայմանագրերը՝ Մասկի և նրա բիզնեսի դեմ հնարավոր պատասխան միջոցներ նախապատրաստելու համար։ Բացի այդ, Պենտագոնը քննարկում է SpaceX-ի դերի նվազեցման հարցն ԱՄՆ նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման գործում։
Անհասկանալի է, թե Սպիտակ տունը մտադի՞ր է չեղարկել շուրջ 22 միլիարդ դոլար արժողությամբ գործող դաշնային պայմանագրերից որևէ մեկը։ Այնուամենայնիվ, վերանայումը հաստատում է վարչակազմի մտադրությունը՝ քննարկել Մասկի ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու հարցը, ինչի մասին Թրամփը նախկինում նշել էր։
Վերջին տարիներին SpaceX-ը դարձել է ԱՄՆ կառավարության հիմնական գործընկերը տիեզերական և պաշտպանական նախագծերում: Մասնավորապես, ընկերությունը պատասխանատու է արբանյակներ արձակելու և հրթիռային պաշտպանության համակարգերի մշակման համար: Չնայած Մասկի՝ նախագահի հասցեին քննադատությունը մեղմելու փորձերին, նրա հրապարակային հայտարարություններն ընդգծել են կառավարության բարձր կախվածությունը SpaceX-ից։
Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում էր ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը, մայիսի 29-ին հայտնել էր ԱՄՆ վարչակազմը լքելու մասին․ որից հետո նրա և Թրամփի միջև հրապարակային քննադատություններ էին սկսվել: Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել:
Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում: