Ավստրիայի հարավարևելյան Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 9 մարդ, հայտնում է Kronen Zeitung-ը։
Ըստ աղբյուրի՝ 7 ուսանող և 1 մեծահասակ սպանվել է, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալը։ Եվս 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 4-ը գտնվում է ծանր վիճակում։ Իրավապահ մարմինները դեռևս զերծ են մնում մանրամասներ հաղորդելուց՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դպրոցի երկու դասարաններում կրակոցներ է արձակել նույն դպրոցի աշակերտը։ Նրան գտել են մահացած։ Ոստիկանության խոսնակն աղբյուրին հայտնել է, որ ենթադրվում է՝ կրակողն ինքնասպանություն է գործել։
Ոստիկանությունը և արտակարգ ծառայությունները աշխատում են դպրոցում և դրա շրջակայքում։ Դպրոցը տարհանվել է, և բոլորը տեղափոխվել են անվտանգ վայր։ Քաղաքի բնակիչներին խնդրվում է հնարավորության դեպքում խուսափել տարածք այցելելուց, սակայն ոստիկանությունն արդեն նշել է, որ նոր ռիսկեր չի տեսնում։
Գրացն Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ շուրջ 300 000 բնակչությամբ։