Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումը՝ չնայած նախորդ տարի վաճառքի պաշտոնական դադարեցմանը, գրում է Middle East Eye-ը՝ հղում անելով Haaretz-ին։
Նշվում է, որ Բաքվի մաքսային տվյալների համաձայն՝ Իսրայել նավթի արտահանումը դադարեցվել էր 2024 թվականի հոկտեմբերին՝ տարեկան կայուն աճից հետո, որը 2024 թվականին գերազանցել էր մեկ միլիոն տոննան։
Ադրբեջանից նավթի մատակարարումները կազմում են իսրայելական հում նավթի ներմուծման գրեթե 30%-ը։ Սակայն, ըստ իսրայելական Haaretz-ի աղբյուրների, վաճառքը շարունակվում է, և մաքսային տվյալների փոփոխությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ գործարքները կատարվում են երրորդ երկրներում գրանցված առևտրականների հետ:
«Ադրբեջանցիներից խոստում ենք ստացել, որ ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, և մենք անհանգստանալու կարիք չունենք»,- մեջբերում է պարբերականն աղբյուրներից մեկին:
Նրանց խոսքով՝ հոկտեմբերին նավթի վաճառքի դադարեցումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներով։
Haaretz-ի տվյալներով՝ Անկարայի կողմից ճնշումը մասամբ պայմանավորված է նրանով, որ Իսրայել արտահանվող ադրբեջանական նավթը մատակարարվում է Թուրքիայի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով:
Նշվում է, որ ավելի վաղ թուրքական մի քանի ընդդիմադիր կուսակցություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը մեղադրել էր Իսրայելին ադրբեջանական նավթի մատակարարումը շարունակելու համար: Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի Ստամբուլի գրասենյակի մոտ բողոքի ակցիաներ էին անցկացվել։
2024 թվականի մայիսին Թուրքիան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով դադարեցրել էր դեպի Իսրայել արտահանումն ու ներմուծումը։ Ապրիլի սկզբին Թուրքիայի արդյունաբերության նախարարությունը սահմանափակումներ էր մտցրել Իսրայել 54 տեսակ ապրանքների արտահանման վրա։