Իսրայելի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել բարեգործական նավի նկատմամբ, որը փորձում էր «խախտել» Գազայի հատվածի ծովային շրջափակումը, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ նավի վրա է նաև ակտիվիստ Գրետա Թունբերգը: Վերջինս, իր հերթին, մեղադրել է տեղական իշխանություններին «իրեն առևանգելու» մեջ:
«Մադլեն» անունով նավը, որ բրիտանական դրոշի տակ էր ուղևորվում, ղեկավարվում է պաղեստինամետ «Ազատության նավատորմի կոալիցիայի» (Freedom Flotilla Coalition, FFC) կողմից, ունի 12 հոգանոց անձնակազմ, ներառյալ Շվեդիայում հայտնի կլիմայական ակտիվիստ Թունբերգը։ Իսրայելցի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ նավը շարժվում է դեպի Իսրայելի նավահանգիստ։
Նախատեսվում էր, որ նավը երկուշաբթի օրը խորհրդանշական չափով հումանիտար օգնություն կհասցնի Գազա և կբարձրացնի միջազգային իրազեկվածությունը տեղի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Սակայն, ինչպես կոալցիան հայտնել է, նավը գիշերը զավթվել է, նախքան այն կհասներ ափ։
Իսրայելի ԱԳՆ-ն հետագայում հաստատել է, որ նավը գտնվում է Իսրայելի վերահսկողության ներքո։ «Սելֆի նավը՝ լիակատար «հայտնիներով», ապահով շարժվում է դեպի Իսրայելի ափեր։ Ուղևորները շուտով կվերադառնան իրենց երկրներ», – նշել է ԱԳՆ-ն:
Նախարարությունն ավելացրել է, որ բոլոր ուղևորները անվտանգ են, ստացել են ջուր և սենդվիչներ։
Գրետա Թունբերգը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով Իսրայելին կամ նրա դաշնակիցներին «իրեն առևանգելու» մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար:
Հունիսի 8-ի երեկոյան հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է արգելել շվեդ բնապահպանական ակտիվիստի «Մադլեն» նավին մոտենալ Գազայի հատվածի ափերին։
Էկոակտիվիստ Թունբերգը 2024-ի նոյեմբերին Հայաստանում էր, այստեղ մասնակցել էր ակցիայի՝ ընդդեմ Ադրբեջանում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովի։